ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը հուլիսի 13-15-ը գործուղվել են Ղազախստան` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին։
ԱՊՀ Էլեկտրաէներգիայի խորհրդին կից Համակարգող խորհրդի հերթական նիստը կայացել էր հունիսի 20-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով։
Միջոցառմանը մասնակցել էին Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պետական մարմինների ներկայացուցիչներ, առաջատար էներգետիկ ընկերությունների ու կազմակերպությունների փորձագետներ։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Ղազախստանում նախանշված ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստի օրակարգը։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհուրդը ձևավորվել է 2007 թվականին` Համագործակցության երկրների էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրմամբ։
Խորհրդի նպատակն է ապահովել ԱՊՀ անդամ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքը, այդ թվում` էլեկտրաէներգիայի տարանցման ընդհանուր շուկայի ձևավորման, ինչպես նաև ԱՊՀ էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության հարցերը։
Համաձայնագիրը կարգավորում է նաև էներգետիկ ռեսուրսների ստեղծումը և դրանց արդյունավետ օգտագործումը՝ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ գործունեությունը ապահովելու նպատակով։