Ռուս զինվորականները շարունակում են նպատակաուղղված կերպով ոչնչացնել այն սպառազինությունն ու զինամթերքը, որն Արևմուտքի երկրների կողմից մատակարարվել է ուկրաինացի զինվորականներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ անցած կիրակի «Կալիբր» ծովային բազավորման մեծ հեռահարության հրթիռներով բարձր ճշգրտությամբ հարված է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե բնակավայրի հատվածում: Հաստատվել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել են ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ Ուկրաինային մատակարարված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և M-777 քարշակվող հաուբիցների պահեստները: Զինապահեստներում պահվում էին նաև 2C7 «Պիոն» ինքնագնաց հրանոթների համար նախատեսված արկեր։
Միևնույն ժամանակ, գեներալ Կոնաշենկովի խոսքով, ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով հրթիռային հարված է հասցվել ԴԺՀ Չասով Յար բնակավայրի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին: Արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 118-րդ բրիգադի և այնտեղ գտնվող ավելի քան 300 ազգայնականների ժամանակավոր տեղակայման կետը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։