ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում մեղուները խայթել են մի տղամարդու, ազգականը փորձել է օգնել, բայց անզգուշաբար վրաերթի է ենթարկել նրան, տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին։ Մոտավորապես ժամը 10։00-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ դի են տեղափոխել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևանի բնակիչ, 51-ամյա Սմբատ Գ.-ն էր: Նույն օրը՝ ժամը 09:30–ի սահմաններում, նա գտնվել է Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցի սկզբնամասի ձախակողմյան հատվածում գտնվող «Արխաչներ» կոչվող դաշտավայրում, որտեղ տեղադրված են եղել Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Կարեն Մ.–ին պատկանող մեղվի փեթակները: Այդ օրը նա նշված վայրում նկատել է, որ մեղուները հարձակվել են Սմբատ Գ.-ի վրա, որը Կարեն Մ.-ի մորեղբոր որդին է:
Մեղուների հարձակման պատճառով Սմբատ Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, այդ ժամանակ Կարեն Մ.-ն, մեղուների ուղղությունը շեղելով դեպի իր վրա, մոտ 200 մետր հեռացրել է մեղուներին, ապա վերադարձել փեթակների մոտ, որպեսզի Սմբատ Գ.-ին իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխի հիվանդանոց:
Մոտեցել է ու տեսել, որ Սմբատ Գ.-ն նշված վայրում չէ, վերջինիս փնտրելու նպատակով նստել է իր ավտոմեքենան, հետընթաց կատարել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել գետնին ընկած Սմբատ Գ.-ին:
Կարեն Մ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: