«Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը դադարեցվել է առավոտյան ժամը 7:00-ից․ Nord Stream

«Հյուսիսային հոսք». Արխիվային լուսանկար
Գազատարի երկու ճյուղերի աշխատանքն էլ դադարեցվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ռուսաստանից Եվրոպա առանցքային գազատարով՝ «Հյուսիսային հոսք»-ով, գազի մատակարարումները դադարեցվել են գազային օրվա սկզբից, այսինքն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nord Stream AG ընկերության օպերատորին։
Նշվում է, որ գազատարի երկու ճյուղերի աշխատանքն էլ դադարեցվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ներառյալ մեխանիկական բաղադրիչների և ավտոմատացման համակարգերի փորձարկումը: Սպասվում է, որ տեխսպասարկումը կիրականացվի հուլիսի 11-21-ը։
«Գազպրոմը» հունիսի կեսերին «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումն իջեցրել է մոտ 60 տոկոսով։ Ընկերությունը հայտնել է, որ կարող է գազամուղ մատակարարել միայն 67 միլիոն խորանարդ մետր գազ՝ 167 միլիոն պլանային ծավալի պարագայում․ դա բացատրվում է գերմանական Siemens-ի աշխատանքի ուշացումներով, որը Ռուսաստանի նկատմամբ Կանադայի պատժամիջոցների պատճառով չի կարողանում կանադական գործարանից վերադարձնել «Պորտովայա» կոմպրեսորային կայանի պոմպաքաշման ագրեգատները, ինչպես նաև պայմանավորված է շարժիչների տեխնիկական անսարքությունների հայտնաբերմամբ:
Մյուս երթուղով՝ ուկրաինական տարածքով, տարանցմամբ մատակարարումները կկատարվեն նախորդ օրերի մակարդակով` ըստ «Ուկրաինայի ԳՏՀ օպերատորի» տվյալների: Հուլիսի 11-ի գազային օրվա դրությամբ «Սուջա» կայանով գազի անցման հայտը կազմում է 41 միլիոն խորանարդ մետր։ Ուկրաինայի տարածքով մատակարարումներն այս մակարդակում պահպանվում են մայիսի վերջից։