ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, գրում է «Հետքը»։
«Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով»,–գրում է կայքը։
Միաժամանակ, հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ–ն պահանջել էր դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած շինարարություն, քանի որ այնտեղ առկա են հուշարձաններ, և արձանի դիրքը որոշելիս պետք է հուշարձանների պահպանության օրենքը չխախտել։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ի պատասխան արձագանքել է, թե այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ։ Իսկ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: