Բա հիմա ո՞ւր դնեմ այս արձանը․ օրենքով Հատիսը պաշտպանված է, իրականում անպաշտպան է մնացել

Հատիսից բացվող տեսարանը. Արխիվային լուսանկար
Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրման նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում, գիտական տարբեր շրջանակներ բաց նամակներով դիմել են կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել պատմահնագիտական, երկրաբանական հուշարձանի ավերումը:
Sputnik
Հատիսի վրա Հիսուսի 77-մետրանոց արձանի տեղադրման շուրջ երկօրյա հանրային մեծ աղմուկից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում մինչև մասնագիտական եզրակացություններ ստանալը։
Զավեշտալի է, որ ԿԳՄՍ առաջին հայտարարության մեջ նշված էր, թե նախարարությունը մամուլից է տեղեկացել Հատիսի վրա նախատեսվող շինարարության մասին։ Մինչդեռ կառավարության դրական եզրակացության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հուլիսի 7-ին՝ կառավարության նիստում, որին ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարության տարածած տեքստը խմբագրվեց, ցավոք, մկնիկի մի քանի սեղմումով չի կարելի խմբագրել նաև Հատիսի վրա արդեն արված շինարարական աշխատանքները՝ գագաթը հարթեցվել է, կարմիր ավազ է լցվել, դեպի գագաթը տանող ճանապարհ է կառուցվել։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, արձագանքելով բարձրացված մտահոգություններին, հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, միաժամանակ հաստատելով, որ այժմ լեռան վրա որոշակի աշխատանքներ ընթանում են՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու համար։
Հարցի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է հնագիտության, զբոսաշրջության և լեռնագնացության ոլորտների ներկայացուցիչների հետ։

Հնագետների մասնագիտական կարծիք հարցնող չի եղել

Հատիսի վրա Հիսուսի 77-մետրանոց արձանի տեղադրումը ոչ մի կապ չունի հայկական մշակույթի ավանդույթների հետ։ Հնագետ Արսեն Բոբոխյանը շեշտում է՝ հայկական մշակույթը չի բնորոշվում ցուցադրականությամբ, այլ առավելապես պարզ մոնումենտալությամբ։
Արսեն Բոբոխյան
Եթե փորձենք մի կողմ դնել այս անհամապատասխանությունը, արձանի կառուցումը պատմահնագիտական և բնության հուշարձանի տեղում անթույլատրելի է, քանի որ արգելված է հուշարձանների պահպանության մասին ՀՀ օրենսդրական բոլոր կարգավորումներով։
Հատիսի փեշերին պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ կան։ Մի քանի տարի առաջ հայտնի դարձավ նաև բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցի մասին։

«Իր նշանակությամբ բացառիկ հուշարձանի հետ գործ ունենք, նաև այն պատճառով, որ բարձրլեռնային տեղանքում է գտնվում։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ-իտալական արշավախումբը ուսումնասիրություններ է կատարել տարածքում, դրանց մասին տպագրված հոդվածներ կան, սա անհայտ հուշարձան չէ»,- նշում է Բոբոխյանը։

Մշակութային և պատմահնագիտական նշանակություն ունեցող այս վայրում շինարարական աշխատանքներ կատարելը մասնագետը անթույլատրելի է համարում։
«Երբ որևէ հուշարձանի հետ խնդիր ես ունենում, առաջինը դիմում ես ԿԳՄՍ, հետո նախարարությունը համապատասխան ինստիտուտներին, հուշարձանապահպան ՊՈԱԿ-ներին հանձնարարական է տալիս՝ ուսումնասիրել և մասնագիտական կարծիք տալ։ Մասնագետները հետազոտում և համապատասխան կարծիք են հայտնում, ընթացակարգն այսպիսին է»։
Արսեն Բոբոխյանը, որի ուսումնասիրության ոլորտներից մեկը Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտությունն է, նշում է՝ ինչպես բոլորը, այնպես էլ ինքը Հատիսի վրա արձանի կառուցման մասին պաշտոնապես իմացել է հուլիսի 7-ին՝ կառավարության նիստից հետո։ Այսինքն՝ հնագետների մասնագիտական կարծիքը հարցնող չի էլ եղել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրումը բնորոշում է որպես «շռնդալից» և կարծում, որ սա «գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում»։ Արձանի հիմնարկեքի ժամանակ Քերոբյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը որքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Մինչ նախարարը արձանի տեղադրումը զբոսաշրջային մեգանախագիծ է համարում, զբոսաշրջիկների մեծ հոսք կանխատեսում, իրենք՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, բողոքի ալիք են բարձրացնում՝ Հատիսի վրա արձանի տեղադրումը անընդունելի, դատապարտելի, անտեղի ու աղետալի համարելով։

Սա զբոսաշրջության զարգացմանը ոչ թե նպաստելու է, այլ հակառակը

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան, որը միավորում է 120 զբոսավարների, առհասարակ դեմ է Հիսուսի արձանի տեղադրման նախագծին, առավել ևս՝ Հատիսի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն ընդգծում է՝ արձանի տեղադրումով Հատիսը նախ կորցնում ենք որպես արշավային ուղղություն, մինչդեռ սա թե՛ ներքին, թե՛ ներգնա տուրիզմի պահանջված ուղղություններից է տարվա բոլոր եղանակներին։
«Խոսվում է այն մասին, որ հարևանությամբ ճոպանուղի, հյուրանոց, ռեստորան է կառուցվելու, այսինքն՝ Հատիսի ամբողջ էկոհամակարգը, բնապատկերը վերացվելու է»։
Որևէ վերլուծություն չի արվել, չկան հաշվարկներ, թե զբոսաշրջային ինչ հոսքի մասին են խոսում։ Այն, որ հատուկ Հիսուսի արձանը տեսնելու համար մեր երկիր զբոսաշրջիկներ կգան, ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետը բացառում է։
Յաշա Սոլոմոնյան
Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին. «Հետք»
«Նախ` տուրիզմը զարգացնելու համար մարքետինգային լայնածավալ, ծախսատար արշավ է պետք։ Բրազիլիան այդքան հայտնի է Հիսուսի արձանով։ Բայց չեմ կարծում, թե մարդիկ Բրազիլիա են գնում հատուկ արձանը տեսնելու, միգուցե գնում են կառնավալին մասնակցելու, այդ ընթացքում նաև արձանի մոտ են բարձրանում, որովհետև այնտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի օվկիանոսը»,- նշում է Սոլոմոնյանը։
Եթե խոսում էլ ենք զբոսաշրջային հոսքերի մասին, ապա որտե՞ղ է վերլուծությունը, որ դա որակյալ հոսք է լինելու։ Մասսայական տուրիզմի բերած օգուտները երբեմն չեն բավարարում փոխհատուցելու հասցված վնասները։
«Զանգվածային տուրիզմը մեզ նման փոքր, սուղ ռեսուրսներ ունեցող երկրի համար լավ բան չէ, եթե կլինի որևէ զբոսաշրջության մասնագետ, որ հակառակը կասի, ես կասկածի տակ կդնեմ նրա մասնագիտական կարողությունները»։
Ասոցիացիան նաև դեմ է արտահայտվում առհասարակ արձանի տեղադրման գաղափարին, քանի որ այն առնչություն չունի Հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթների ու պատմության հետ։ Սոլոմոնյանը նաև մի նկատառում է անում․ անընդհատ բարձրաձայնվում է այն մասին, թե հոգևոր խորհուրդ ունեցող ձեռնարկ է, որին, սակայն, բիզնես փաթեթավորում է տրվում, ինչը կրկին անընդունելի է։

Դեպի Հատիս լեռնագնացների հոսքը դադարելու է

Հատիսը Հայաստանի ամենահաճախ այցելվող ու ամենահայտնի լեռնագագաթների եռյակում է։ Քանի որ այն Երևանին ամենամոտն է, շատ հաճախ վերելքներ են կազմակերպվում և՛ անհատ լեռնագնացների, և՛ խմբերի կողմից, այդ թվում՝ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների։ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Նարինե Ճաղարյանի խոսքով՝ իրենք ունեն ոչ թե զուտ մտավախություն, այլ՝ համոզմունք, որ արձանի տեղադրման արդյունքում լեռնագնացների այս հոսքը միանշանակ դադարելու է։
«Լեռներ բարձրացող մարդիկ վերելքներ չեն իրականացնում այն վայրերերում, որոնք մարդաշատ են, շատ այցելվող։ Պետք է բնությունը լինի անձեռնմխելի․ գագաթն է՝ իր բնական վիճակով, ոչ մի այլ բան չպետք է այնտեղ լինի։ Օրինակ, Արմաղանի վրա եկեղեցի կա կառուցված, սարքել են հաց ուտելու տեղ, լեռնագնացներն այնտեղ չեն գնում, որովհետև քեֆ-ուրախության վայր դարձած գագաթներն այլևս լեռնագնացներին չեն ձգում»,- նշում է Նարինեն։
Նարինե Ճաղարյան
Պարզաբանում է՝ իրենց բացասական կարծիքը վերաբերում է ոչ թե արձանի տեղադրման գաղափարին, այլ՝ վայրի ընտրությանը։ Դա չպետք է լինի ո՛չ Հատիսը, ո՛չ էլ որևէ այլ հայտնի լեռնագագաթ, դեպի ուր տարիներ շարունակ լեռնագնացների տարբեր սերունդներ են վերելքներ իրականացրել։
Հ․Գ․ Հավելենք, որ «Հատիս» հրաբուխը որպես բնության հուշարձան (երկրաբանական հուշարձան) գրանցվել է դեռ 2008 թվականին։ Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ «բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»: