«Այդ ամենն արել եմ գումարի կարիք ունենալով». ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

Զինծառայողն օտարերկրյա գործակալներին պետական և ծառայողական գաղտնիք է փոխանցել գումարի դիմաց. ԱԱԾ։
Sputnik
ԱԱԾ-ն հերթական պետական դավաճանության դեպքն է բացահայտել, որը տեղի է ունեցել 2021-ին։ ԱԱԾ կայքից տեղեկանում ենք, որ զինծառայողը, «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և սկսել գաղտնի տեղեկություններ փոխանցել նրան։

«2021-ի հունիսին սոցցանցի միջոցով ծանոթացել եմ օտարերկրացու հետ, որը օտարերկրյա գործակալ է եղել։ Այնուհետև նրան եմ փոխանցել զորամասի և մարտական դիրքերի տվյալներ։ Այդ ամենն արել եմ գումարի կարիք ունենալով»,- ասում է զինծառայողը, որը խոստովանական ցուցմունք է տվել։

Նշվում է, որ զինվորը, մանավորապես, տեղեկություններ է տվել մարտական դիրքի տեղակայման վայրի և կահավորվածության մասին, տրամադրել է զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունների, մարտական դիրքերի, մարտական դիրքի կրակային քարտի լուսանկարները և այլ տվյալներ։
Զինծառայողը կալանավորվել է։ ԱԱԾ-ն կրկին հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: