Հազարամյակների պատմություն ունեցող զարմանալի ու խորհրդավոր Իսիկ Կուլ լիճը գտնվում է Ղրղզստանում և բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում։ Այստեղ են փնտրել Ալեքսանդր Մակեդոնացու և Լենկթեմուրի արշավների ժամանակների արտեֆակտները, Չինգիզ խանի, տամպլիերների և Սպիտակ գվարդիականների գանձերը։
Ստորջրյա հնությունների, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանների այս իսկական Կլոնդայկը դեռևս 1800-ականին է գրավել հայտնի հնագետների և հետազոտողների ուշադրությունը: Սակայն ամենահետաքրքիր պատմությունը կապված է հայկական վանքի որոնումների հետ (որը, որոշ մասնագետների կարծիքով, գտնվում է Իսիկ Կուլի հատակին)։
Ավանդության համաձայն՝ այնտեղ են գտնվել սուրբ Մատթեոս առաքյալի մասունքները։ 2011 թվականին, երբ գործուղման էի մեկնել Իսիկ Կուլ, վանքի պատմությունը լսեցի հնագիտական արշավախմբի ղեկավար, ակադեմիկոս, Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Պլոսկիխից (նա ավելի քան 30 տարի զբաղվել է լճի գաղտնիքներով)։
Պատմությունը շարունակություն կամ, ավելի ճիշտ, անսպասելի շրջադարձ ստացավ բոլորովին վերջերս՝ հունիսի 10-ին, Հայաստանում Ռուսական Աշխարհագրական ընկերության կենտրոնի բացման կապակցությամբ Երևանում կայացած համաժողովի ընթացքում: Գիտաժողովի բանախոսներից մեկը՝ պատմաբան, հայտնի հայ հետազոտող, ծովագնաց, «Այաս» ընկերության նախագահ Կարեն Բալայանը, խոսելով ստորջրյա հետազոտությունների ոլորտում հայ-ռուսական համագործակցության հնարավորությունների մասին, ներկայացրեց Իսիկ Կուլում դեռևս չհայտնաբերված հայկական վանքի գտնվելու վայրի իր վարկածը: Բայց ամեն ինչի մասին` հերթով․․․
Ամեն ինչ սկսվեց կատալոնական քարտեզից
Իսիկ Կուլի հատակին գտնվող հայկական վանքի մասին լեգենդը հիմնվում է, այսպես կոչված՝ աշխարհի կատալոնական քարտեզի վրա․ քարտեզը բաղկացած է 6 էջից, խիստ ճշգրիտ է, կազմվել է 1375 թվականին քարտեզագիր Աբրահամ Քրեսքեսի կողմից։ Ատլասի 5-րդ և 6-րդ էջերում պատկերված է Ասիա մայրցամաքը, գրառումներ և լեգենդներ կան Կենտրոնական Ասիայի մասին, որոնք, սակայն, որևէ կարևոր տեղեկություն չեն պարունակում։
Բացառություն է Իսիկ Կուլ լիճը, որը քարտեզի վրա երկարավուն ձև ունի և տարածվում է արևելքից դեպի արևմուտք (ինչը համապատասխանում էր իրականությանը)։ Լճի ափին վանք է պատկերված՝ երկու գմբեթով ու խաչերով, և կատալոներեն բարբառով բացատրություն․ «Այս վայրը կոչվում է Ysicol։ Այս տեղանքում է գտնվում հայ եղբայրների մենաստանը, որտեղ, ինչպես ասում են, պահվում են Առաքյալ և Ավետարանիչ Սուրբ Մատթեոսի մասունքները»։
Իսիկ Կուլում խորտակված հայկական վանքի լեգենդը հիմնվում է աշխարհի կատալոնական քարտեզի վրա։
© Photo
Հայկական վանքի մասին տեղեկությունները (1856-1857 թթ․) առաջին անգամ հրապարակել է ռուս ճանապարհորդ Պ․Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկին։ Կատալոնական քարտեզը՝ այնտեղ պատկերված քաղաքներով, Իսիկ Կուլ լճով և հյուսիսային ափին գտնվող քրիստոնեական վանքով (որը ակադեմիկոսներ Վ․ Բարտոլդն ու Ն․ Մառը հայկական են անվանում) նա տեսել էր 19-րդ դարի կեսերին Վենետիկում։ Սեմյոնովը կարծում էր, որ Մերձավոր Արևելքից (Սիրիայից) Ասիայի խորքեր փախած քրիստոնյաները 12-րդ դարում իրենց վանքն են հիմնել Իսիկ Կուլի ափին։ Նա առաջինն էր, որ ռուսերեն թարգմանեց կատալոնական քարտեզի նշումները։ Լճափին գիտնական վանքի հետքեր չգտավ, բայց ենթադրեց, որ այն կառուցված է եղել Կուրմենտինի խորշում և հետագայում ջրի տակ է անցել։
Ինչպես ինձ պատմում էր ակադեմիկոս Պլոսկիխը, որը զբաղվում էր նաև հայկական վանքի որոնումներով (որը, նրա հաշվարկներով, գոյություն է ունեցել 8-րդ դարից մինչև 14-րդ դարի վերջ), իր թիմի հետ հետախուզություն է իրականացրել Իսիկ Կուլի Արևելքում (ջրի տակ, Կուրմետինի խորշի հատվածում)։ Այնտեղից տասնյակ քրիստոնեական խաչեր են հավաքել նեստորական տիպի, քրիստոնեական խորհրդանիշներով խեցեգործական առարկաներ, ինչպես նաև «Դավթի աստղի» պատկերով կավե սափորի մի հատված, մեկ այլ, ամբողջական սափոր՝ քերծագրած աստղով և այլն։ Տարբեր ժամանակահատվածներում որոնողական աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ Ստորջրյա գործունության ռուսաստանյան կոնֆեդերացիայի սուզորդների մասնակցությամբ։
Մետրոպոլիտի գիրքն ու Հովհաննես եպիսկոպոսի տապանագիրը
Իսիկ Կուլում հայկական քրիստոնեական վանքի գոյության ևս մեկ ապացույց է «Պատրիարք Թյուրքի հետնորդների երկիրը» գիրքը, որը լույս է տեսել 2022 թվականին։
Գրքի հեղինակը՝ Բիշքեքի և Միջին Ասիայի մետրոպոլիտ Վլադիմիրը, հավաքել է ժամանակակից Ղրղզստանի տարածքում քրիստոնեության մասին բոլոր աստվածաբանական վկայությունները։ Նա գրում է․ «Ղրղզական հողում հանգիստ է գտել սուրբ Առաքյալ և Ավետարանիչ Մատթեոսի անեղծ մարմինը։
Ինչպես հայտնի է, նա հանուն Քրիստոսի նահատակություն է ընդունել Սիրիայում։ Այնտեղից, ըստ երևույթին, դեռևս 2-րդ կամ 3-րդ դարում Հին Հռոմի հետապնդումներից փախչողները Առաքյալի մասունքները հասցրել են մի երկիր, որը հայտնի էր հավատի հանդեպ լայն հանդուրժողականությամբ։ Սուրբ մասունքը պահվում է Իսիկ Կուլ լճի ափին կառուցված վանքում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհն իմացավ դրա գտնվելու վայրի մասին․․․ Հետագայում քաղաքը, որտեղ գտնվում էր հին հայկական վանքը, լճի ջրերի տակ է անցել»։
Կատալոնական քարտեզի տվյալները հաստատում է նաև Պիշպեկի գերեզմանատանը հայտնաբերված տապանաքարի (կայրակի) գրությունը։ Խոսքը երկլեզու տապանագրի մասին է (1323թ․), որը կազմվել է հայ եպիսկոպոս Հովհաննեսի մահվան կապակցությամբ, և նրա հիշատակը հավերժացնում է հայերեն և սիրիերեն (արամեերենի ճյուղ)։ Եվ դա պատահական չէ, քանի որ տապանագիրը պատկանում է այն ժամանակներին, երբ հայերը սիրիական եկեղեցու հետ մի ամբողջություն էին կազմում։ Իսկ տապանաքարն ինքնին վկայում է, որ այդ շրջաններում առավել կամ պակաս նշանակալի հայկական գաղութ է եղել։
Երկլեզու տապանագիրը
© Photo : Karen Balayan
«Ծովագայլի» սուր աչքը․ Կարեն Բալայանը նկատել է այն, ինչ չէին տեսել հետազոտողները
Երբ 2003 թվականին լեգենդար «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմն իր եռամյա արշավից առաջ վերջին փորձարկումներն են անցնում Սևանում, նկարիչ և ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը մեկ օրով եկել էր Հայաստան։
Նա նավով հինգժամանոց զբոսանք կատարեց, ինչը հիմք դրեց մինչև օրս ձգվող ընկերությանը։ Այժմ Կոնյուխովը Մոսկվայի Սուրբ Կիրիլ Հրաշագործի (ծովագնացների և ճամփորդների հովանավորի) եկեղեցու վանահայրն է։ Երբ Բալայանը Մոսկվայում է լինում, եկեղեցում նրան այցելելու հնարավորությունը բաց չի թողնում։ Այդպիսի այցերից մեկի ժամանակ Կոնյուխովը Բալայանին առաջարկել է համատեղ գիտարշավ կազմակերպել դեպի Իսիկ Կուլ։
Կարեն Բալայան
© Sputnik / Aram Nersesyan
Հայկական վանքը փնտրելու համար շատ արշավախմբեր են մեկնել՝ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկուց սկսած։ Որոնումները տևել են մոտ 170 տարի, բայց՝ անարդյունք։ Եվ հավանաբար պետք էր, որ ծովայինը հայացք գցի քարտեզին, որպեսզի հայտնաբերի, թե ինչ սխալ են գործել բոլորը։ Արշավախմբերից ոչ մեկը չի ուսումնասիրել այն շրջանը, որտեղ իրականում պատկերված է վանքը։ Բոլոր արշավախմբերը, առանց բացառության, փնտրել են ոչ այնտեղ, որտեղ պետք է։ Եվ ահա թե ինչու։
«Միջնադարում քարտեզները մեծ էին գծում։ Ոչ թե պատից կախելու, այլ սեղանի վրա ուսումնասիրելու համար։ Քրեսքեսի քարտեզը հենց այդպիսին է՝ շատ մեծ չափերի։ Այդպիսի քարտեզները մեկ կամ մի քանի մասի էին բաժանվում, և ամբողջական պատկերը տեսնելու համար իրար կողք էին շարում։ Իսկ որպեսզի դրանք հեշտ լինի առանց շրջելու դիտել ու կարդալ սեղանի վրա, քարտեզի մի կեսը դիտում էին մի կողմից, մյուս կեսը՝ մյուս։ Բոլոր հետազոտողները, որոնք մեծացրել էին քարտեզի այն հատվածը, որտեղ վանքն է, հաշվի չէին առել դրա մյուս` «կտրված» մասերը։ Այսինքն՝ շրջված էին նայել քարտեզի այն հատվածին, որտեղ վանքն է։ Հյուսիսն այնտեղ ոչ թե վերևում է (ինչպես մեզ համար սովորական քարտեզներում), այլ ներքևում»,- ասում է Բալայանը։
Լիճն ու վանքը քարտեզի գրեթե կենտրոնում են պատկերված, և այն նորմալ կարդալու համար օգտվել են հակառակ կողմից քարտեզագրած հատվածից, որտեղ հյուսիսն ու հարավը տեղերով փոխվում են։ Նրանք հին քարտեզին նայել են ժամանակակից մարդու տեսանկյունից, որը չգիտի, թե Միջնադարում ինչպես էին քարտեզներ գծում, որոնց կեսը գլխիվայր է պատկերված։ Եվ վանքն էլ փնտրել են Իսիկ Կուլի հյուսիսային ափին։ Որևէ մեկի մտքով չի անցել, որ քարտեզի այդ հատվածը կտրված է համատեքստից ։
«Երբ ես այդ մասին պատմեցի ռուս գործընկերներին և մասնագետներին, նրանք շատ զարմացան և ընդունեցին, որ ես իրավացի եմ։ Իսկ Կոնյուխովն ինձ համատեղ գիտարշավ առաջարկեց, այն հիմա էլ է ուժի մեջ, բայց նրա զբաղվածության պատճառով հետաձգվում է»,- պատմեց Բալայանը։
Նա նշեց նաև, որ Իսիկ Կուլի հատակին շատ-շատ են ջրասույզ եղած հուշարձանները, քաղաքները, դամբարանաբլուրները, լճի հատակը բառացիորեն լիքն է զանազան հնագույն արտեֆակտներով։
«Այդ տարածքում կարելի է տարիներով որոնողական աշխատանքներ անցկացնել և ինչ-որ բան գտնել։ Բայց մեզ հենց հայկական վանքն է հետաքրքրում։ Ուստի կարծում եմ, որ պետք է ստուգել լճի հարավային ափը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Սեմյոնով Տյան-Շանսկուց սկսած մինչև հիմա որևէ մեկը լճի այդ հատվածը չի ուսումնասիրել։ Կարծում եմ՝ քանի որ հարավային ափն ավելի լեռնային և խորություններն ավելի մեծ են, հետազոտողները փնտրում են այնտեղ, որտեղ ավելի հեշտ է։ Դա ինձ մի հին անեկդոտ է հիշեցնում․
Գիշեր է։ Զբոսայգու լապտերի տակ մի տղամարդ է սողում։ Մոտենում է ոստիկանը, հարցնում․
- Ինչո՞ւ ես այստեղ սողում։
- Ժամացույցս եմ կորցրել, փնտրում եմ։
- Որտե՞ղ ես կորցրել։
- Այնտեղ` թփերի մեջ։
- Բա ինչո՞ւ ես այստեղ փնտրում։
- Այստեղ լուսավոր է․․․
Եթե համոզվենք, որ հարավային ափում ոչինչ չկա, արժե որոնումներն ուրիշ տեղ շարունակել։ Եվ հետո պարտադիր չէ, որ մենաստանը հենց ափին լինի ու եզրին կառուցված լինի։ Ավերակները կարող են մի փոքր ավելի վերև հայտնաբերվել` հարավային լանջին։ Լեռներում ևս արժե նայել, գուցե ինչ-որ հետքեր գտնվեն», - ամփոփեց Կարեն Բալայանը։