Արցախում 377 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Բնակելի շենքերի շինարարություն Ստեփանակերտում. Արխիվային լուսանկար
Շահառու արցախցիները բնակարաններ են ստացել Ստեփանակերտում, Ասկերանի և Մարտունու շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արցախում 377 ընտանիք տուն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։
«377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կոմիտեի տվյալների՝ բնակարանների մեծ մասը՝ 312-ը, տրամադրվել է մայրաքաղաք Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախն առաջիկա 3 տարում նախատեսում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների և զոհվածների ընտանիքների համար։
Նրա խոսքով` տեղահանվածները շուրջ 40 հազար են, նրանցից 13-14 հազարը Արցախում են ու պետական աջակցությամբ ապրում են վարձով բնակարաններում, իսկ մնացածը Հայաստանում են, շատ չնչին մասն արտագաղթել է։