«Ոսկե ծիրանը» անակնկալաշատ կլինի. Ներսես Գևորգյանը մանրամասներ է ներկայացնում

Միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Կմասնակցեն կինոաշխարհի բազմաթիվ աստղեր։
Sputnik
Ներսես Գևորգյանը եղել է «Ոսկե ծիրանի» կամավորներից, իսկ այժմ միջազգային բաժնի աշխատակից է։ Նա պնդում է, որ կազմակերպիչների համար նախափառատոնային տասը օրերը շատ ծանրաբեռնված են ու լարված, իսկ փառատոնային շաբաթը` իսկական կինոտոն, չնայած որ աշխատանքի ծավալը միայն ավելանում է։
Լարվածությանն ու հոգնածությանը դիմակայելուն օգնում են կինոյի հանդեպ սերն ու փառատոնային մթնոլորտը, որը տարիների ընթացքում միայն ավելի տոնական է դառնում։
«Կինոն միշտ զարգանում է, նոր դեմքեր են հայտնում, ու այդ ցիկլը չի խախտվում։ Կինոն միշտ ոգեշնչվում է աշխարհում տեղի ունեցող երևույթներից, ու մեր փառատոնը անմասն չի մնում դրանից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է նա։
Ներսեսը վստահ է, որ փառատոնը, բացի հայտնի հյուրերից, հանդիսատես է ունենալու նաև այլ երկրներից, քանի որ կարողանում է մշակութային բազմազանություն ապահովել։ Նա պնդում է, որ փառատոնի շրջանակում ցուցադրվելու են այնպիսի ֆիլմեր, որոնք կարող են ընլդյանել հանդիսատեսի մտահորիզոնն ու բարձրացնել ճաշակը։ Կան ֆիլմեր, որոնք կարող են ժամադրության կամ հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ։
Ներսես Գևորգյան
«Ես սպասում եմ Ալբերտ Սեռայի ժամանելուն (Կաննի մրցանակակիր), քանի որ ուսանել եմ Իսպանիայում ու շատ եմ եղել Կատալոնիայում։ Նրա ֆիլմերը իմ մեջ զգացումներ են առաջացնում, և ուրախ եմ, որ նրա ֆիլմը Կաննից հետո մեր փառատոնում է ցուցադրվելու»,– նշում է նա։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով
Ներսեսի խոսքով` սա միակ ֆիլմը չէ, որի «երկրորդ կանգառը» միջազգային հեղինակավոր կինոփառատոներից հետո հենց «Ոսկե ծիրանն» է լինելու։ Նա խորհուրդ է տալիս բաց չթողնել նաև «Ծուռ ծիրան» ծրագրի ֆիլմերը, դիտել հայկական ռեժիսորների աշխատանքները և վայելել երևանյան կինոտոնը։
Մանրամասները` տեսանյութում։