Պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է. Հովտամեջի բնակիչը` Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Հովտամեջում
ՀՀ վարչապետը շփվել է Հովտամեջի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Հովտամեջ գյուղում: Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Փաշինյանը ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով:
Վարչապետը նաև շփվել է գյուղացիների հետ, որոնք բողոքել են պարարտանյութի գներից:
«Ջրի խնդիր միշտ լինում է, բացի այդ, պարարտանյութի մեծ խնդիր ունենք, հիմա շատ թանկ է»,- ասել է բնակիչներից մեկը։
Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը սուբսիդավորում է պարարտանյութերի գները և հարցրել` արդյոք չե՞ն օգտվել դրանից։
Նրան ուղեկցող անձանցից մեկը նշել է` Արմավիրի մարզն առաջիններից է եղել, որ սուբսիդավորմամբ ճիշտ ժամանակին պարարտանյութ է ձեռք բերել։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ 2022 թվականին բոլոր մարզերում մեկ շահառուի հաշվով պարարտանյութ է տրամադրվել առավելագույնը 3 հեկտար հողատարածք մշակելու համար։ Ծրագիրն իրականացվել է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։