Իլոն Մասկը հրաժարվել է գործարքից. Twitter-ը պատրաստվում է դատի տալ նրան

Իլոն Մասկ
Twitter-ը համոզված է` դատարանը կստիպի, որ Մասկը գնի ընկերությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Միլիարդատեր Իլոն Մասկը հրաժարվել է Twitter-ը գնելու գործարքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BBC-ին։
Մասկը պնդել է, որ համաձայնագրում բազմաթիվ խախտումներ կան։
«Պարոն Մասկը հիմքեր ունի ենթադրելու, որ կեղծ կամ սպամ թվիթերյան էջերի իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան սոցցանցում ներկայացված «5 տոկոսից պակաս»-ը», –նշված է հայտարարությունում։
Twitter-ը հայտնել է, որ պատրաստվում է դատարան դիմել համաձայնագրի պահպանումը ապահովելու համար:
«Twitter-ի տնօրենների խորհուրդը հակված է, որ գործարքը փակվի այն գնով ու պայմաններով, որոնք համաձայնեցվել են պարոն Մասկի հետ, և նախատեսում է դատարան դիմել միաձուլման համաձայնագիրն ապահովելու համար»,– Twitter-ում գրել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը։
Գլխավոր տնօրենը վստահություն է հայտնել, որ դատարանը որոշում կկայացնի հօգուտ Twitter-ի և կստիպի, որ Մասկն այն գնի 44 մլն դոլարով, ինչպես նախատեսվում էր գործարքի պայմաններով:
Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը պատրաստվում է 44 մլրդ դոլարով գնել Twitter-ը։
Գործարարն ասել էր, որ սոցցանցի ակտիվները գնելու նպատակը ոչ թե կոմերցիոն շահն է, այլ հասարակական այնպիսի հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն կվայելի ամբողջ աշխարհում և խոսքի իրավունք կտա յուրաքանչյուրին։
Մայիսին Մասկը հայտարարեց, որ գործարքը ժամանակավորապես կասեցված է, քանի որ սպասում է թվիթերյան կեղծ էջերի թվի վերաբերյալ տվյալներին:
Միլիարդատերը խնդրել էր ապացուցել, որ սպամն ու բոտերը չեն գերազանցում ընդհանուր օգտատերերի 5 տոկոսը։ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ուղարկված նամակում Մասկի փաստաբանը նշել էր, որ Twitter-ը չի տրամադրել կամ հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունը։