Ճապոնիայի նախկին վարչապետի վիճակը ծանր է. կրակողն արդեն առաջին ցուցմունքն է տվել

Մահափորձ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ
Սինձո Աբեին կրակողը հայտարարել է, որ դժգոհ է եղել նախկին վարչապետից և «ցանկացել է սպանել նրան»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի առողջական վիճակը ծանր է, իսկ կրակողն արդեն տվել է առաջին ցուցմունքը:
«Այսօր Նարա քաղաքի փողոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել նախկին վարչապետ Աբեի վրա։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գործող ղեկավար Ֆումիո Կիսիդան՝ դժվարությամբ զսպելով արցունքները։
Ընդ որում, Սինձո Աբեի վրա կրակած նախկին ծովային հետևակայինն առաջին ցուցմունքն է տվել։ Նա հայտարարել է, որ դժգոհ է եղել նախկին վարչապետից և «ցանկացել է սպանել նրան»։
Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում ելույթի ժամանակ հարձակում է տեղի ունեցել Սինձո Աբեի վրա։ Նախկին ծովագնաց, 41-ամյա Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է հետևից։ Սինձո Աբեն հրազենային վնասվածք է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Վիրավորումից անմիջապես հետո նրա գիտակցությունը տեղն է եղել, սակայն կարճ ժամանակ անց վիճակը դարձել է կրիտիկական՝ «սրտի և թոքերի կանգով»: Ներկայումս Սինձո Աբեն գտնվում է Նարայի պրեֆեկտուրայի համալսարանի հիվանդանոցում:
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի` մինչև 2005 թվականը ծառայել է երկրի ռազմածովային ուժերում։