Շենքը տիրազուրկ է, հնարավոր չէ վերանորոգել. ՏԿԵ–ն` Բարեկամավանի բուժկետի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են,որ Տավուշի մարզպետարանն ու Նոյեմբերյանի համայնքապետարանն աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բուժկենտրոնի շենքը տիրազուրկ է, այդ պատճառով հնարավոր չէ վերանորոգել այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ Բարեկամավանի բնակչության 70%–ը 60 տարեկանից բարձր է, իսկ գյուղի բուժկենտրոնն անմխիթար վիճակում է` պատերը խոնավությունից փլվում են, ծեփամածիկը` թափվում։ Անձրևները լցվում են բուժկետ, ինչի հետևանքով պատերը բորբոսնում են։
1 / 6

Բարեկամավանի բուժկետը

2 / 6

Բարեկամավանի բուժկետը

3 / 6

Բարեկամավանի բուժկետը

4 / 6

Բարեկամավանի բուժկետը

5 / 6

Բարեկամավանի բուժկետը

6 / 6

Բարեկամավանի բուժկետը

Ինչպես առողջապահության նախարարությունից, այնպես էլ ՏԿԵՆ–ից հայտնում են, որ բուժամանկաբարձական կետը տեղակայված է նախկին կենցաղի տան վթարային շենքի մեկ սենյակում։ Այն գտնվում է «Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ։
«Շենքը տիրազուրկ գույք է համարվում, այդ պատճառով հնարավոր չէ իրականացնել վերանորոգման հետ կապված որևէ ծրագիր»,– հայտարարել են ՏԿԵ նախարարությունից։
Նշենք, որ բուժկետում աշխատում է միայն մեկ բուժքույր` անհետաձգելի դեպքերում բուժօգնություն ցուցաբերելու և առողջության առաջնային պահպանման ոլորտում բուժքույրի գործառույթներ իրականացնելու համար։
«Տավուշի մարզպետարանը և Նոյեմբերյանի համայնքապետարանը (գյուղը Նոյեմբերյան համայնքի կազմում է,– խմբ.) աշխատանքներ են տանում խնդրի լուծման նպատակով»,– ասված է հարցման պատասխանում։
Հիշեցնենք` Sputnik Արմենիային ՀՀ առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտնել էր, որ բուժհաստատությունների արդիականացման 2021-2026 թթ. ծրագիրը չի ներառում Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բուժկետի վերանորոգումը։
Բուժկետը փտում է, ջուրը 7 օրը մեկ է, հողը` ադրբեջանցիների ձեռքին. Բարեկամավանն ամայանում է