Սարգսյանի թիկնազորի նախկին պետից և ևս 4 անձից 8 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում վերցնել

Վաչագան Ղազարյանից և ևս 4 անձից կարող են բռնագանձել բնակարաններ, տարածքներ, ավտոհանգրվաններ, տրանսպորտային միջոցներ և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության 11-րդ հայցադիմումը , որը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանից («Սերժի Վաչո») և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույք ու ակտիվներ բռնագանձելուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` մանրամասնելով, թե ինչ գույքի մասին է խոսքը։
Նշվում է, որ համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ղազարյանից ու նրա հետ փոխկապակցված 4 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության 8 մլրդ 225 մլն 599 հազար 616 դրամի գույք բռնագանձելու մասին։

Բռնագանձման ենթակա է, մասնավորապես, Երևան քաղաքում և Արմավիրի ու Կոտայքի մարզերում գտնվող 17 միավոր անշարժ և շարժական գույք` բնակարան, տարածք, հողամաս, շինություն, ավտոհանգրվան, տրանսպորտային միջոցներ, հանգստյան գոտի։

Նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքն ընդհանուր առմամբ կազմում է 6.007.193.880 ՀՀ դրամ։
Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 միավոր անշարժ գույքի և 4 միավոր տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ, 137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1.743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Դատարանից պահանջում են նաև դադարեցնել 8 ընկերություններում Վաչագան Ղազարյանի մասնակցության իրավունքը։