ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հանցագործի ձեռքով ընդհատվեց ականավոր պետական գործչի կյանքը, որը երկար ժամանակ գլխավորում էր Ճապոնիայի կառավարությունը և շատ բան է արել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար», - ասված է ցավակցական հեռագրում:
Պուտինը նշել է, որ Աբեի հետ կանոնավոր շփումներ է ունեցել, որոնցում լիովին դրսևորվել են Ճապոնիայի նախկին վարչապետի անձնական և մասնագիտական գերազանց հատկանիշները:
«Այդ հրաշալի մարդու լուսավոր հիշատակը հավերժ կմնա բոլորի սրտերում, ովքեր ճանաչել են նրան», - նշել է Ռուսաստանի առաջնորդը:
Ավելի վաղ Ճապոնիայի նախկին վարչապետի մահը մեկնաբանել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` Աբեն նախընտրում էր բանակցությունների միջոցով պաշտպանել իր երկրի շահերը, ինչի շնորհիվ նա լավ հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք` Սինձո Աբեն մահացավ այսօր։ Նախկին ծովագնաց 41-ամյա Տեցույա Յամագամին Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում երկու անգամ կրակել էր նրա հետևից։ Աբեն հրազենային վնասվածք էր ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի (մինչև 2005 թվականը) ծառայել է երկրի ծովուժում։