«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքն իրականացրին, այնուհետև մեկնարկեց երթը։
Շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ շարժվելու են Սայաթ-Նովա պողոտայով, ապա վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։
Հանրահավաքի մասնակիցները ևս մեկ անգամ հաստատեցին, որ պետք է հասնեն ներկայիս իշխանության հեռացմանը։
Հավաքվածները վանկարկում էին «Միությո՛ւն, պայքա՛ր, հաղթանա՛կ», «Առանց Նիկոլ Հայաստա՛ն», «Պայքա՛ր» և այլն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները։
Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքեցին: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. նրանք շարունակելու են անհնազանդության ակցիաներն ու երթերը, գնալու են մինչև վերջ: