«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

«Ոսկե ծիրան» կինոփառատոն. Արխիվային լուսանկար
Կարին Հովհաննիսյանի ֆիլմը պատմում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, տեղեկությունը հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Ֆիլմում 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացվում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։ 2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Սցենարի հեղինակներ են Լիկա Զաքարյանը և Կարին Հովհաննիսյանը։
«Հպարտ ենք, որ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետությունը» կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի և իր ժողովրդի պատմությունը»,- ասել է ֆիլմի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։
Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Հիշեցնենք, որ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը, այս տարի կունենա մրցութային 3 ծրագիր, որոնց թվում լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված ծրագրեր են։ 19 երկրի մասնակցությամբ տարածաշրջանային մրցույթի մեկնարկը կրկին տրվելու է հայկական ֆիլմով` Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի»-ով։