Պետք է հարգել պետությունների սահմանների անձեռնմխելիությունը. Շամխանին` Գրիգորյանին

Ալի Շամխանին ու Արմեն Գրիգորյանը
Հայաստանի և Իրանի ԱԽ քարտուղարները պայմանավորվել են հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղարը նշել է, որ այդ համատեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
«Գրիգորյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, և Շամխանին ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը»,–ասված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ալի Շամխանիին
Բացի այդ, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Ալի Շամխանին Հայաստան է ժամանել այսօր, նրան դիմավորել է Արմեն Գրիգորյանը։