Կորցնում ենք լավագույններին․ տղա ուսանողները նորից կկարողանան օգտվել տարկետման իրավունքից

Ուսանողներ
Հաջորդ տարվանից կառավարությունը որոշակի բուհերին որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր` ըստ առաջնահերթությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Նոր կարգավորմամբ վերականգնվում է ՀՀ բուհերում կրթության հիմքով տարկետման իրավունքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշենք, որ 2017 թվականից ՀՀ բուհեր ընդունված տղաները, անկախ ցուցաբերած արդյունքից, չեն ստանում տարկետում` բացառությամբ առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների:
ՀՀ ԶՈւ ապագա սպաները բնակարանով կապահովվեն. զինծառայության օրենքում փոփոխություններ կարվեն
«Օտարերկրյա բուհերում սովորողները կարող են ստանալ տարկետում, սակայն այդպես ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ: Մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը` ապագայում սեփական գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք բարձրակարգ մասնագետներին»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Համաձայն նախարարի զեկուցման` առաջարկվող նոր կարգավորմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 7-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «ՀՀ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին»:
Առաջարկվող հաջորդ փոփոխությամբ` երկարաձգվում է կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչվելու տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը:
«Նմանօրինակ լուծման գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության շարունակականության չընդհատման կարևորմամբ, որպեսզի տարկետում ստացած քաղաքացիներն ուսումնառության վերջին տարում գիտական թեզի պաշտպանությունը ստիպված չլինեն ընդհատել` հաշվի առնելով, որ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան», - ասաց Դումանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորեց նախագիծը` նշելով, որ, ըստ էության, բուհական համակարգին է վերադարձվում տարկետման ինստիտուտը, որտեղ կառավարությանը վերապահվում է հասցեական լիազորություն` բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում:
«Կառավարությունն իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկելու այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- ասաց նա:
Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի կառավարությունը որոշակի բուհերին որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր` ըստ կառավարության առաջնահերթությունների: