ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ձերբակալված և կալանավորված անչափահասների, կերակրող մայրերի, հղիների, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանանց դեպքում պատժախուցը կբացառվի։ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:
Առաջարկվում է նաև ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ունենալու իրավունքը:
«Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը։ Ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա»,– նշեց Թումանյանցը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթից հանվել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, թողնվել է միայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Որոշումն ընդունվեց 58 կողմ ձայնով։