Հարևանի մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է. Պուտինը՝ ՌԴ–ից հեռացած ՏՏ մասնագետների մասին

«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հեռանալը ՌԴ-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը տարբեր պատճառներով լքած ՏՏ ոլորտի շատ մասնագետներ վերադարձան, քանի որ «տանն ավելի լավ է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ հանդիպմանը։
«Այն փաստը, որ մարդիկ հեռանում են, արտասովոր բան չէ: Բայց աշխատանքի հաջողությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից՝ կառավարության աջակցությունը, կենսապայմանները: Ով գնաց, մենք ոչ մեկին չխանգարեցինք: Շատերը վերադարձան, քանի որ մի բան է ապրել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում, Խանտի Մանսիյսկում, և մեկ այլ բան՝ մեր հարևանների հետ: Այնտեղ նույնպես լավ է, բայց ավելի լավ է տանը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության մեկնարկից ի վեր Հայաստան են եկել Ռուսաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, ինչպես նաև, շատ ավելի քիչ թվով, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիներ։ Նրանք հիմնականում ներկայացնում են ՏՏ ու ֆինանսական ոլորտները։
Ինչպես հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարտի սկզբից Երևան երկարատև բնակության են տեղափոխվել Ռուսաստանի գրեթե 30 հազար քաղաքացիներ։ Նրանք այստեղ բացել են ավելի քան 1200 ընկերություններ ու ԱՁ-ներ։
Նախարարը հայտնել է նաև, որ երկրի իշխանությունները մեխանիզմ են մշակում, որպեսզի մեղմացնեն Հայաստանում ռուսաստանցիների երկարատև կացության համար ներկայացվող պահանջները։
Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները. Քերոբյան