ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հունիսի 10-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ ԱԱԾ-ն Ներսիսյանին բերման է ենթարկել կաշառք վերցնելու համար։ Օրեր անց նա կալանավորվեց 2 ամսով։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններին համահունչ, քանի որ այլևս որպես խափանման միջոցի հիմք նախաքննությանը խոչընդոտելը գոյություն չունի, հետևաբար միջնորդել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի կամ վերացվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ըստ Գոռ Աբրահամյանի` դատախազի տեղակալը 2.5 միլիոն դրամ կաշառք է պահանջել քրգործերից մեկով ավելի մեղմ պատիժ նշանակելու համար։