ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Յունիբանկի» Աշտարակ քաղաքի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից 4-ը տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, 3-ը` 2-3 աստիճանի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տուժել է յոթ քաղաքացի. մեկը մահացել է, 6-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։
Տուժածներից 2-ը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Յունիբանկում» տեղի ունեցած պայթյունից մահացել է բանկի հավաքարարը։ Ծանր է նաև բանկի կառավարչի վիճակը։
Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առիթով նախաձեռնվել է վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: