ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ամերիկյան բանակի հրամանատարությունն այսօր Եվրոպայում և Աֆրիկայում սկսում է «Dynamic Front» ամենամյա զորավարժությունները ՆԱՏՕ–ի և գործընկեր երկրների շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հրապարակվել է ամերիկյան հրամանատարության կայքում։
Զինծառայողներից 1800-ը ներկայացնելու են ԱՄՆ–ի բանակը, իսկ 1200-ը` գործընկերների և դաշնակիցների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Վրաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և այլ երկրների։
Հուլիսի 18-23-ը վարժանքներ են նախատեսված Բավարիայի` ԱՄՆ բանակի «Գրաֆենվյոր» զորավարժարանում։ Ըստ հաղորդագրության` դրանց կմասնակցեն հրետանային շուրջ 80 համակարգեր։
«Dynamic Front» զորավարժությունները Եվրոպայում անցկացվում են 2015 թվականից, դրանք ուղղված են մասնակիցների միջև փոխգործակցության, մարտունակության և արդյունավետության բարձրացմանը։
Հիշեցնենք` ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ–ի առաջնորդները հունիսի վերջին համաձայնեցրին դաշինքի ուժերը մինչև 2023 թվականը արևելյան ուղղությամբ ընդլայնելու ծրագիրը։ ՆԱՏՕ–ն հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում է արևելյան ճակատում ավելացնել բարձր պատրաստության ուժերի թվաքանակը` հասցնելով մինչև ավելի քան 300 հազարի, ընդլայնել մարտական խմբերի կազմերը` հասցնելով «բրիգադային» մակարդակի, տարածաշրջանում «նախնական դիրքավորման» զենքի, տեխնիկայի և ռազմամթերքի պահեստներ ստեղծել։ Բացի այդ, դաշինքի երկրները պարտավորվեցին ավելացնել պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերը։