ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին` շարունակելով պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքվածները հիմնականում Հադրութից ու Շուշիից են, սակայն կան նաև Շահումյանի, Քարվաճառի շրջաններից տեղահանվածներ։
Արցախցիները կառավարության մոտ ակցիա իրականացրին
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր առաջնահերթ պահանջներից է նաև Արցախի հետ միացումը կամ Արցախի անկախության ճանաչումը։ Այսօր մենք այսքանով կավարտենք ակցիան, սակայն վաղը ժամը 11։00-ից կվերադառնանք հենց կառավարության շենքի մոտ։ Սկսելու ենք նստացույցեր, գնալու ենք նաև ՄԱԿ–ի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների մոտ»,– նշեց Հայրիյանը։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` իրենց պայքարը երկարատև է լինելու և փորձելու են այդ կառույցներից պարզել, թե ով է պատրաստվում լուծել իրենց ներկայացրած պահանջները։ Հայրիյանը շեշտեց` եթե ոչ ոք չլսի իրենց ձայնը` հաջորդ քայլերին կանցնեն և չմանրամասնեց, թե ինչպիսին կլինեն դրանք։
Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
Ոստիկանները պատնեշ են կազմել ակցիայի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Կառավարության շենքի մոտ նաև ոստիկաններ կային, որոնք պատնեշ էին կազմել։
Նշենք, որ ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ներքին տեղահանվածներն այն անձինք են, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման։
Նշենք, 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանվածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության, ՀՀ–ում տարբեր երկրների դեսպանատների, ՄԱԿ–ի գրասենյակի շենքերի մոտ և պահանջել իշխանություններից իրենց որևէ կարգավիճակ տալ։