ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի գրոհայինները սադրանք են նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում, որպեսզի ՌԴ զինված ուժերին մեղադրեն քիմիական վտանգավոր օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջում։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
««Սլավյանսկի» ՋԷԿ-ի պոմպաֆիլտրացիոն կայանում ուկրաինացի նեոնացիստները հեղուկ քլորով (ավելի քան 6 հազար լիտր) տարողություններ են բերել, որոնք ականապատել են և ծրագրում են պայթեցնել, եթե ռուսական զորքերի ստորաբաժանումներն ու ԴԺՀ-ի կազմավորումները մոտենան»,- ասել է Միզինցևը:
Նա նշել է, որ ռուսական կողմը Արևմուտքին զգուշացնում է նախապատրաստվող սադրանքի մասին։
Միզինցևը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինվորականները սպառազինություն են տեղակայում Խարկովի, Օդեսայի և Նիկոլաևի քիմիական ձեռնարկությունների կողքին՝ միտումնավոր հրահրելով տեխնածին աղետներ:
Գեներալի խոսքով՝ վեց նավահանգիստներում (Խերսոն, Նիկոլաև, Չեռնոմորսկ, Օչակով, Օդեսա և Հարավային) արգելափակված են մնում 16 պետությունների 70 օտարերկրյա նավեր: Պաշտոնական Կիևի ստեղծած գնդակոծման սպառնալիքը և ականների վտանգը թույլ չեն տալիս, որ նավերն անարգել դուրս գան բաց ծով։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում վերացվել է Մարիուպոլ նավահանգստի ջրատարածքում ականների վտանգը, պլանային կարգով շարունակվում է նավահանգստային ենթակառուցվածքի վերականգնումը:
Ռուսաստանի Դաշնությունը Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 132-րդ օրը։