Օտարերկրացի կալանավորին հարկադրաբար բուժել են, չեն տվել սպասք. ՄԻՊ–ը դիմել է նախարարին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան. Արխիվային լուսանկար
Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձի իրավունքների խախտման փաստ է արձանագրել։
Ինչպես նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, կալանավորը մեկուսի պահվել է փակ ռեժիմային գոտում, որտեղ իր կամքին հակառակ բուժում է ստացել։
ՄԻՊ–ն արձանագրել է, որ օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում։
Կալանավորված անձին անկողնային պարագաներ և սպասք է տրամադրվել միայն ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջամտությամբ։
Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո կալանավորը բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Իսկ հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։
Պարզվել է նաև, որ հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշումը:
Նրան փակ ռեժիմի գոտու հիվանդախցում միայնակ պահելու որոշումն ընդունվել է ՔԿՀ պետի պաշտոնակատարի կողմից։
Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
ՄԻՊ որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը` կատարված փաստերն ի գիտություն ընդունելու համար:
Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը