Հռոմի պապը հերքում է գահից հրաժարվելու լուրերը

Հռոմի պապ
Ամբողջ աշխարհի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է ծնկի խնդրի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերքել է լուրը, թե առաջիկայում պատրաստվում է հրաժարվել գահից։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ օգոստոսի միջոցառումները, այդ թվում` առաքելական նոր սահմանադրությունը քննարկելու համար կարդինալների հետ հանդիպումները, նոր կարդինալների կարգման արարողությունը և իտալական Լ'Աքվիլա քաղաք նախատեսված այցելությունը կարող են հրաժարականի հայտարարության նախանշան լինել։
Ինչպես նշում է գործակալությունը, Լ'Աքվիլան ասոցացվում է Կելեստինոս V–ի հետ, որը գահը թողել էր 1294 թվականին։ Բենեդիկտոս XVI–ն առաջին պապն էր, որ 600 տարվա ընթացքում այդ քաղաք այցելեց 2013 թվականին`պաշտոնանկությունից 4 տարի առաջ։

«Այդ բոլոր համընկնումները ոմանց ստիպել են մտածել, որ նույն պատմությունն է լինելու։ Բայց իմ մտքով նման բան երբեք չի անցել։ Այս պահին` ոչ։ Իսկապես»,– ընդգծել է Ֆրանցիսկոս պապը։

Նա պալատական բամբասանք է անվանել նաև այն լուրերը, թե մեկ տարի առաջ հաստ աղիքի մի մասը վիրահատելիս նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։
«Վիրահատությունը շատ հաջող է անցել», – նշել է Հռոմի պապը և կատակել, որ ենթադրյալ քաղցկեղի մասին իրեն ոչինչ չեն ասել։
Ֆրանցիսկոս պապը խոսել է նաև ծնկի խնդիրների մասին և ասել, որ աննշան կոտրվածք է ստացել, երբ սխալ քայլ է արել հանգույցների բորբոքման ժամանակ։ Նա վստահեցրել է, որ արդեն կազդուրվում է, իսկ կոտրվածքը թերապիաների շնորհիվ կպչում է։
Հիշեցնենք` մայիսի սկզբին Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանրությանը ներկայացավ հաշմանդամի սայլակով։ Արթրոզը խանգարում է, որ նա լիարժեք մասնակցի եկեղեցական ծառայություններին և հիվանդության պատճառով միայն փոքր հեռավորություններ է կարողանում անցնել։
Հռոմի պապը խախտել է արարողակարգը և մտել սկավառակների խանութ