ԱՄՆ–ի դերակատարությունն էական դեր է խաղում. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի ու ԱՄՆ–ի գործընկերությունը խարսխված է ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով»,– ասված է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը:

«ԱՄՆ դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա»,– շեշտել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով` ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի և ԱՄՆ–ի կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Բայդենին։