Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցում ռմբապաստարան են կահավորել. լուսանկարներ

Որոշ հարցեր հաջողվել է լուծել միջազգային կազմակերպությունների միջոցով, սակայն Վայոց Ձորի այդ դպրոցի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ջեռուցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի գյուղում «անվտանգության սենյակ» է կահավորվել:
Դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանի խոսքով՝ այստեղ սովորում է 31 աշակերտ, 12 դասարաններից չի ձևավորվել միայն 3-րդ դասարանը: Մյուս դասարաններում հիմնականում 1-ից 4 աշակերտ կա (միայն 6-րդ դասարանում՝ 8 երեխա) ։
Հաշվի առնելով սահմանին մոտ լինելը (գյուղը երեք կողմից շրջապատված է Նախիջևանի տարածքով)՝ որոշում է կայացվել դպրոցում ռմբապաստարան կահավորել։
Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցի ռմբապաստարանը
«Կարմիր խաչի օգնությամբ պատրաստվել և վերանորոգվել է «անվտանգության սենյակը»։ Այնտեղ ամեն ինչ կա առաջին օգնություն ցուցաբերելու համար, նստարաններ են տեղադրվել, կան տաք վերմակներ. ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ հնարավոր լինի 2-4 ժամ անցկացնել, մինչև օգնությունը հասնի»,-ասում է Ավետիսյանը։
Բացի այդ, սենյակը հագեցած է էլեկտրական մարտկոցներով, որպեսզի հնարավոր լինի լուսավորություն ապահովել:
ԱԻՆ-ի աշխատակիցները դպրոցում մարզումներ են անցկացրել և սովորեցրել, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակում և ինչպես արագ թաքնվել ապաստարանում:
Դպրոցի հիմնական խնդիրն այս պահին ջեռուցումն է։ Դասարանները ջեռուցվում են էլեկտրական սալիկների օգնությամբ, բայց միջանցքում, զուգարաններում ցուրտ է։
«Կարելի է ասել՝ երեխաները ձմռանը դուրս չեն գալիս դասարաններից»,-նշեց Ավետիսյանը։
Դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանը
Դպրոցում նաև պատուհաններն ու դռները փոխելու կարիք կա։ Իշխանությունները խոստացել են լուծել այս երկու խնդիրներից մեկը։
Մեկ այլ խնդիր` դպրոցական ճաշարանի վերանորոգումը, հաջողվել է լուծել 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից։
Սահմանամերձ Բարձրունի գյուղի դպրոցի ռմբապաստարանը
Իսկ ուսուցիչների մի մասը գյուղի բնակիչներ են, մյուսները գալիս են Վայքից։ Դպրոցում ֆրանսերենի մասնագետ չկա, բայց պայմանավորվել են Գյումրու ուսուցչի հետ, նա տեսակապով դասեր է անցկացնում։ Կարմիր խաչը և մյուս դոնորները դպրոցն ապահովել են դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, սակայն պարբերաբար խնդիրներ են առաջանում ինտերնետի և լույսի հետ։
Տնօրենը նշում է, որ երեխաները հիմնականում լավ են սովորում։ Նրանք հասկանում են`դպրոցում լավ սովորելը կրթություն ստանալու միակ հնարավորությունն է, գյուղում այլ հնարավորություններ չկան։
Դպրոցի վերանորոգված ճաշարանը