ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված նախաձեռնությունների պահանջվածությունն Արևմուտքում նվազել է, բայց վաղ թե ուշ առողջ դատողությունը կհաղթի և բանակցությունների հերթը կգա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Պավել Զարուբինի` «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ` մեկնաբանելով վերջին շրջանում արևմտյան ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները։ Պեսկովի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կասկած չունենք, որ վաղ թե ուշ ողջամտությունը կհաղթի, կգա բանակցությունների հերթը, որի ընթացքում ուկրաինացիները պետք է ևս մեկ անգամ հասկանան մեր բոլոր պայմանները։ Ուկրաինան դրանք լավ գիտի։ Պետք է համաձայնել, նստել սեղանի շուրջ և պարզապես ամրագրել փաստաթղթով, որը շատ հարցերում արդեն համաձայնեցված եղել է»,– ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Արևմուտքն այսօր շեշտը դնում է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվելու վրա։ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ուկրաինացիներին թույլ չեն տալիս մտածել և խոսել խաղաղության մասին։
«Սա նշանակում է, արևմտյան երկրները` Վաշինգտոնի ղեկավարությամբ, շարունակում են ուկրաինացիներին թույլ չտալ ոչ մտածել, ոչ խոսել խաղաղության մասին, ոչ էլ քննարկել խաղաղության հարցը»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 130-րդ օրը։