«Հողօգտագործման ոլորտում տարիներ շարունակ կուտակվել են լուրջ խնդիրներ։ Հենց դա է պատճառը, որ առանց այդ էլ մեր սակավահող երկրում վարելահողերի գրեթե կեսից ավելին չի օգտագործվում, իսկ մնացած մասի մշակման արդյունավետությունը խնդրահարույց է։ Հողային բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, սակայն դրանց իրականացման մեխանիզմների շուրջ առաջացել են շատ վիճելի հարցեր, որոնք պարզաբանման ու հիմնավորման կարիք ունեն»,- ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
«Այսօր խնդրահարույց է նաև հողերից ստացվող ցածր եկամտաբերությունը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ շարունակաբար աճել են պարարտանյութերի, թունաքիմիկատների, սերմացուների, դիզվառելիքի, սպասարկող ծառայությունների գները, բայց գյուղմթերքի իրացման գինն էականորեն չի փոխվել, և գյուղացիների եկամուտները համարժեքորեն չեն բարձրացել, դրա համար էլ նրանցից շատերը հող չեն մշակում»,- ասաց Պետրոսյանը։