ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը 57կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց իտալացի Վինչենցո Պիրոդուին ու դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հաշվի առնելով Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ հասնելը, վստահ կարելի է ասել, որ Հարություն Հովհաննիսյանը նման չէր իրեն։ Իտալացի Վինչենցո Պիրոդուի հետ գոտեմարտում հայ ըմբիշը չկարողացավ ոչ մի արդյունավետ գործողություն իրականացնել ու պարտվեց։
57 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում իր հաղթանակների սկիզբը դրեց` 10։0 հաշվով առավելության հասնելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարվի Ռիդինգսի նկատմամբ։ Նույն հաշվով մեր ըմբիշը առավելության հասավ նաև մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովի և վրացի Լուկա Գվինջիլիայի նկատմամբ։ Սակայն եզրափակիչում այդ տեմպը պահել չկարողացավ ու զրկվեց ոսկե մեդալից։
Մեր մեկ այլ ըմբիշ` Տիգրան Ղազարյանը, 65կգ քաշային կարգում հաղթելով սփոփիչ գոտեմարտում, իրավունք էր ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը մոլդովացի Կոնստանտին Չիրիլովն էր։
Տիգրանը առաջին մրցափուլում առավելություն ստացավ 4։1 հաշվով, սակայն երկրորդում զիջեց առավելությունը մրցակցին ու պարտվեց 5։6 հաշվով։
Նշենք, որ այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչում չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու են Հայկ Պապիկյանը (70կգ) և Մուշեղ Մկրտչյանը (79կգ)։
Վաղը մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության վերջին օրն է։