Ավետիք Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել. փաստաբաններ

Չալաբյանի փաստաբանները հայտնում են, որ Չալաբյանի կալանքը չփոխելու դեմ բողոքն ավտոմատ մակագրվել էր մի դատավորի, իսկ հետո ոչ ավտոմատ` մեկ ուրիշի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանները հայտարարություն են տարածել` ասելով, որ Չալաբյանի գործով հերթական ապօրինությունն է եղել։
Պաշտպանները, մասնավորապես, հայտնում են, որ Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ վերաքննիչ բողոքն ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով, մակագրվել մեկ այլ դատավորի:

«Այսպես, երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ, և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվե՞լ է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ, և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ սա հերթական ապօրինությունն է, որին դեռ անդրադառնալու են:
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։ Մայիսի 26-ին պատգամավորները դիմեցին նրան երաշխավորությամբ ազատ արձակելու համար։