ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները զորանոցներ և պահեստներ են կահավորում ուսումնական հաստատություններում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ գրոհայինները Բախմուտի (ԴԺՀ) քոլեջի տարածքում ժամանակավոր տեղակայման կետեր են կահավորել, իսկ հարակից տարածքում զրահատեխնիկա, ականանետային դիրքեր և ծանր հրետանի են տեղակայել:
Անվտանգություն ապահովելու պատրվակով զինյալները տեղի բնակիչներին արգելել են լքել իրենց տները։
«Զապորոժիեում` Մանկական ստեղծագործության քաղաքային պալատի շենքում (Զապորոժիեի հրապարակ), ազգայնականները հենակետեր են տեղակայել, զինամթերքի պահեստ են կահավորել, իսկ հաստատության պարագծով և մերձակա բնակելի տների վերին հարկերում կրակակետեր և դիպուկահարների կետեր են տեղադրել»,-ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրամատորսկ քաղաքում նույնպես տեխնոլոգիական տեխնիկումի հանրակացարանում և թիվ 1 գիմնազիայի տարածքում ուկրաինական ազգայնական կազմավորումների գրոհայինները զորանոցներ են կահավորել, իսկ «Յուբիլեյնի» քաղաքային զբոսայգու տարածքում զրահատեխնիկա և խոշոր տրամաչափի հրետանի են տեղակայել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 128-րդ օրը։