Իշխանությունը մտահոգված է միայն պաշտոններով. ընդդիմադիր դաշինքների հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» դաշինք
Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել` շեշտելով, որ իշխանություն պահվածքն աբսուրդային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իշխանություններն իրենց վարքագծով ևս մեկ անգամ հաստատում են, որ մտահոգված են բացառապես պաշտոններով։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ երկու ընդդիմադիր` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Հայտնել էինք, որ իշխանությունն այսօր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։

«Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ պաշտոններն ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ իշխանությունները զբաղված են հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը։ Իսկ այս պայմաններում նրանց հեռացումը, ըստ ընդդիմության, անխուսափելի է։
Ընդդիմադիրները ասում են, որ միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել Հայաստանում առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք:
Նշվում է նաև, որ փաստ է` օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից: