Հրաժարական եմ ներկայացնում ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյան. Արխիվային լուսանկար
Արմեն Գևորգյանը հայտնում է, որ իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք չի կարող անտեսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հրաժարվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
«Քաղաքական իրադարձությունները երկրում բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ»,- ասված է Գևորգյանի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Գևորգյանը հայտնում է, որ շարունակելու է աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են պետության համար:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ նախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Հակոբյանի լիազորությունները։