Գերմանական GIZ-ն ու KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) ու գերմանական KFW բանկը Հայաստանում մշտական գրասենյակներ կբացեն։ Այս մասին այսօր Երևանում Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շատ կարճ ժամանակում այդ գրասենյակների իրավական ստատուսի հարցը լուծի»,- հայտնեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև, որ Գերմանիայից գործընկերոջ գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Գերմանիայի հետ համագործակցության հնարավոր նոր ծրագրերը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, որոնց թվում են վերականգնվող էներգետիկան, միջին մասնագիտական կրթության համակարգը, պարենային անվտանգության մարտահրավերները։
Հայաստանի բանկերում արտարժույթի պակասուրդ չկա.
Սվենյա Շուլցեն ևս հաստատեց Գերմանիայի պատրաստակամությունը` այսուհետ ևս աջակցել Հայաստանին` իր հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին։
Նշենք, որ գերմանական երկու կառույցներն էլ Երևանում արդեն ավելի քան 10 տարի ունեն գրասենյակներ։ Բայց դրանք գործել են որպես GIZ-ի դեպքում` ծրագրերի իրականացման գրասենյակ, KFW-ի դեպքում` հայաստանյան մասնաճյուղ։ Նոր պայմանավորվածությունը վերաբերում է Հայաստանում նոր` ավելի բարձր կարգավիճակով մշատական գրասենյակներ ունենալուն։