ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Եվրոպայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածների թիվը եռապատկվել է և գերազանցել 4,5 հազարը, վարակի տարածման դեմ պայքարելու համար անհրաժեշտ են հրատապ միջոցներ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։
Վարակվածների գրեթե 90%-ը բաժին է ընկնում Եվրոպային։
ԱՀԿ տարածքային գրասենյակի ղեկավարի խոսքով՝ հիվանդների մոտ 10%-ը հոսպիտալացվել է կա՛մ բուժման, կա՛մ մեկուսացման նպատակով, իսկ մեկ հիվանդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նա ընդգծել է, որ մինչ օրս ԱՀԿ-ն մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չի ստացել։
Կլյուգեն պետություններին կոչ է արել հրատապ և համակարգված գործողություններ ձեռնարկել։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են: