Դուք ուրիշ եք, տղե՛րք. Ձախ Հարութն իր ծննդյան օրը նշեց Զինվորի տանը

Երգիչը հուլիսի 3-ին կայանալիք իր համերգի տոմսեր նվիրեց Զինվորի տան տղաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) իր 71-ամյակը նշել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմների ժամանակ վիրավորված զինծառայողները։ Տղաները նրան անակնալով են դիմավորել` երգելով «Արձագանք» խմբի «Ծնունդդ շնորհավոր» երգը։
Զինվորի տունը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում, որում երևում է, թե ինչպես է Ձախ Հարութը ողջունում բոլորին ու փչելով հանգցնում տորթի մոմերը։
«Իմ կյանքում 70 անգամ շնորհավորել են, բայց ձեր շնորհավորանքն ինձ համար 100 անգամ ավելին արժե, որովհետև դուք կարևոր ու յուրահատուկ եք ինձ և մեր ժողովրդի համար։ Դուք ուրիշ տղերք եք, սա էլ իմ կյանքի ամենալավ ու հիշարժան ծննդյան օրերից մեկն է»,- ասաց երգիչը և բոլոր տղաներին առողջություն ու երկար կյանք մաղթեց։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ձախ Հարութին տղաների անունից պայթած ռումբից պատրաստված կենաց ծառ նվիրեց։
Երգիչը շնորհակալություն հայտնեց և ընդգծեց, որ ազգեր կան, որոնք այլ ժողովուրդների կոտորելով հպարտանում են, սակայն հայն այդ ազգերից չէ։
«Այս ռումբը երևի ձեր վրա են գցել, բայց դուք սա վերածել եք արվեստի և ինձ եք նվիրում։ Ինձ շատ բաներ են տվել, անգամ ոսկե ձայնապնակ, սակայն սա է ամենահիշարժանը։ Ես այս նվերը կտանեմ ինձ հետ ու տանս կարևոր անկյուններից մեկում կդնեմ»,- նշեց Փամբուկչյանը և խոնարհվեց տղաների առջև։
Նա էլ որոշեց տղաներին նվեր անել ու մի քանի երգ կատարեց` «Երևանի գիշերներում», «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես», «Կարմիր կակաչները», «Մենք չենք լինի էլ 20 տարեկան» և այլ երգեր։
Երգիչը նաև հուլիսի 3-ին կայանալիք իր համերգի տոմսեր նվիրեց Զինվորի տան տղաներին։