ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը կվերցնի Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Տեղեկությունը Գրիգորյանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Որոշումն այսօր եմ կայացրել։ Երկար տարիներ եղել եմ պատգամավոր և այժմ էլ կատարելու եմ իմ գործառույթները։ Պատգամավորի գործունեությանը տիրապետում եմ, Շիրակի մարզից ընտրված պատգամավոր եմ, զբաղվելու եմ իմ մարզի, Գյումրի քաղաքի խնդիրներով»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:
Վանեցյանի մանդատը, ըստ Ընտրական օրենսգրքի, ստանալու իրավունք ուներ նախընտրական ցուցակում հաջորդ համարը։
Իսկ հաջորդ համարը ծագումով գյումրեցի նախկին պատգամավոր ու նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանինն էր, որը 2021թ-ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ներկայացված էր արդեն որպես անկուսացական։