Նորավանքի եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել. լուսանկար

ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է չբարձրանալ հուշարձանների պատերին ու չվտանգել սեփական առողջությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու աստիճանների սկզբնամասում արգելող ցուցանակ է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով Նորավանքի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից հորդորում և պահանջում են չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը։
Հիշեցնենք` հունիսի 27-ին եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել և ոտքերի լուրջ վնասվածքներ ստացել: