Կա՛մ գալու են ու խելոք նստեն ԱԺ-ում, կա՛մ ուրիշները կգան. Սիմոնյանը` ընդդիմադիրների մասին

Ալեն Սիմոյանը հայտնեց, թե որն է եղել պատճառը, որ իշխանական պատգամավորները միակարծիք չեն եղել ընդդիմադիր գործիչներին պաշտոններից հեռացնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի` մանդատը վայր դնելու քայլը և կարծում, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ պետք է նույնն աներ։ Նա այս մասին Ազգային ժողովում ասաց լրագրողների հետ զրույցում։
Սիմոնյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու շուրջ քննարկում է ունեցել, սակայն կարծիքները կիսվել են։
«Ես խղճում եմ իշխող ուժին». Սաղաթելյանը` պաշտոնից հեռացվելու որոշման մասին
Հայտնել էինք, որ ՔՊ-ն որոշել է Իշխան Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին` ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Եթե ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ չեն գնում, ինչո՞ւ են աշխատավարձ ստանում։ Մենք քննարկել ենք նրանց հեռացնելու հարցը, սակայն կարծիքները կիսվել են` մեր գործընկերների մի մասը կարծում է, որ իրենք իսկ զրկել են իրենց մանդատներից։ Հիմա իրենք կա՛մ գալու են ու խելոք նստեն ԱԺ-ում, կա՛մ ուրիշները կգան»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը վստահ է` եթե այսօր ընտրություն լինի, ընդդիմադիրներն ԱԺ չեն անցնելու։
Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ ընդդիմությունը սեպտեմբերին էլ չի մասնակցելու ԱԺ նիստերին` Սիմոնյանը պատասխանեց՝ թող փողոցում մնան։ Նա հավելեց, որ վստահ չէ, որ ընդդիմության մեջ չեն գտնվի պատգամավորներ, որոնք ԱԺ կգնան և քաղաքական գործունեությամբ կզբաղվեն, քանի որ ընդդիմությունը միատարր կառույց չէ` տարբեր թևեր կան։
Գնալու ենք մինչև վերջ. Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` նահանջ չկա