«Honor»-ը դադարեցրել է սմարթֆոնների մատակարարումը ՌԴ և գործընկերներ է փնտրում ՀՀ–ում. ԶԼՄ

Սմարթֆոն
Չինական ընկերությունը ուղիներ է փնտրում, որպեսզի կարողանա իր արտադրանքը ներմուծել ՌԴ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող չինական «Honor» ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքը մատակարարել Ռուսաստան, թեև այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը։
Պարբերականի աղբյուրներից մեկը պնդել է, որ մատակարարումները դադարեցվել են դեռևս մարտին։
Մեկ այլ աղբյուր էլ ասել է, որ էլեկտրոնիկայի չինական արտադրողը շուկայից չի հեռացել և գործընկերներ է փնտրում Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանում՝ սմարթֆոնները զուգահեռ ներմուծման միջոցով Ռուսաստան մատակարարելու համար:
«ԱՊՀ երկրներում մատակարարների ցանցի ընդլայնումը վկայում է, որ «Honor»-ը պատրաստվում է վերսկսել ռուսաստանյան մատակարարումները», - ասել է թերթի զրուցակիցը:
Ավելի վաղ չինական մեկ այլ ընկերություն՝ «Huawei»-ը (որին նախկինում պատկանել է նաև «Honor»- ը) սկսել էր փակել Ռուսաստանում իր պաշտոնական առևտրային կետերը:
Չինաստանի իշխանությունները մեկնաբանել էին «Huawei»-ի մի քանի խանութների փակման մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ Չինաստանը հավատարիմ է ռուս-չինական տնտեսական և առևտրային փոխշահավետ համագործակցության զարգացմանը և պաշտպանում է չինական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունը Ռուսաստանում՝ շուկայական սկզբունքներին համապատասխան: