ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև Երևանում կայացած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը խոսել է ԼՂ հիմնախնդրից, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։
Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ
© Photo : official site of MFA of RA
Նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Սերբիայի ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերը։ Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
Կողմերը քննարկել են նաև հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:
Խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նա կարևորել է տարբեր մակարդակներում երկու երկրների փոխադարձ այցերը:
Նույն օրը սերբական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: