Բազմաթիվ նամակներ ենք հղել. Արցախի նախագահը` խաղաղապահների թիվն ավելացնելու մասին

Արայիկ Հարությունյանը խաղաղապահների գործունեությանն անդրադարձավ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախի իշխանությունը կարևորում է ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի ավելացման հարցը, որի հետ կապված բազմաթիվ նամակներ են ուղղել ՌԴ գործընկերներին։ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մենք մեծապես կարևորում ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորումը։ Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ զգալիորեն պետք է ավելացնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը, որի ուղղությամբ բազմաթիվ դիմումներ և նամակներ ենք հանձնել, ինչպես նաև հանդիպումների ժամանակ բարձրաձայնել այս հարցը»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցում ապահովել և որոշակի աշխատանքներ տանել քաղաքացիական պաշտպանական համակարգի բարելավման համար։
Հարությունյանը շեշտեց` կարևորում են անհրաժեշտ պայմանների առկայությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: