ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Գրիշինան նշել է, որ բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար իրենք՝ որպես ռուսական պետական կազմակերպության ներկայացուցիչներ, առաջարկում են համագործակցություն, որի շնորհիվ ՀՀ ավագ դպրոցները և քոլեջները կկարողանան համագործակցել ՌԴ հարյուրավոր քոլեջների հետ, որտեղ երիտասարդները վերապատրաստվում են նշված ոլորտներում մասնագիտական չափանիշների հիման վրա։
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
© Photo : official site of MESCS of RA
Նրա խոսքով՝ վերապապատրաստումը հատկապես կվերաբերի «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներին։
Անդրեասյանն իր հերթին շեշտել է, որ հատկապես շինարարության բնագավառում մեծ պահանջարկ ունեն կադրերի որակավորման մակարդակի որոշման ընդհանուր մոտեցումների, ինչպես նաև մասնագետների պատրաստման միասնական պահանջների առումով։
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
© Photo : official site of MESCS of RA
Նշվում է, որ համատեղ ծրագրերը կօգնեն եվրասիական տարածքի երկրներում բարելավել մասնագիտական վերապատրաստման համակարգերը՝ օգտագործելով կադրերի պատրաստման առաջադեմ չափանիշները: Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործունեությունը ենթադրում է նաև ռուսաստանյան ժամանակակից պրակտիկաների, մեթոդների և տեխնոլոգիաների փորձարկում ու ներդրում ուսումնական հաստատություններում:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության քարտեզ՝ համատեղ ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար: