ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ավելի քան 30 խոշոր միջազգային կազմակերպություններ 2022 թվականի առաջին եռամսյակում շուրջ 170 միլիոն դրամի ԱԱՀ են վճարել Հայաստանի հարկային մարմնին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ–ից` հիշեցնելով, որ կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ–ում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք 20222-ի հունվարի 1-ից հանդիսանում են ԱԱՀ վճարող։
ՊԵԿ–ը հայտնում է, որ հարկային համակարգում գրանցման ու հարկային պարտավորությունների կատարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրել է «e-VAT» համակարգ, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները րոպեների ընթացքում կարող են գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները և բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։
Օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է նաև էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։
Համակարգն աշխատում է 5 տարբեր արտարժույթներով` հարկատուներին հնարավորություն տալով ԱԱՀ–ն վճարել իրենց հարմար արժույթով։ Առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։
ՊԵԿ–իցհայտնում են, որ 2022թ–ի հունիսի 27-ի դրությամբ «e-VAT» համակարգում արդեն գրանցվել ու դրանից օգտվում են 30-ից ավել խոշոր միջազգային կազմակերպություն։