ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը:
Հյուսիսային Օսեթիայի հումանիտար օգնության պետական կոմիտեի տվյալներով՝ ռազմավիրական ճանապարհով երթևեկությունն արգելվել էր հունիսի 26-ից։ Պատճառը Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացումն էր և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինությունը։
«Ժամը 20:00-ից ռազմավիրական ճանապարհը բնականոն ռեժիմով գործում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– հայտնում է գերատեսչությունը:
Հիշեցնենք` երեկ` հունիսի 27-ին, վրացական կողմում Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը նոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։